Ալեն Սիմոնյանի և Արմեն Գրիգորյանի հայտարարությունները՝ մեկ համադրություն. Մինչև տարեվերջ լուրջ զարգացումների պետք է սպասել

Իրավագետ Արտաշես Խալաթյանի կարծիքով՝ Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր հայտարարություններով արդեն երկար ժամանակ է, ինչ խախտում է դիվանագիտական վարվելակերպի բոլոր կանոնները, և Հայաստանը պետք է ոչ թե պոլեմիկայի մեջ մտնի վերջինիս հետ, այլ, օրինակ, բողոքի նոտա հղի ՌԴ ԱԳՆ-ին։ Զախարովան ներկայացնում է ոչ թե իր անձնական, այլ Ռուսաստանի պաշտոնական տեսակետը։ Իսկ Արմեն Գրիգորյանը, ըստ Խալաթյանի,  արտահայտում է ճշմարտությունը, որը վաղուց հայտնի էր հայ փորձագետներին, իսկ հանրությունը ենթագիտակցորեն էր զգում։ Ռուսաստանը, Խալաթյանի կարծիքով, առաջին անգամ չէ, որ երկրորդում է ադրբեջանական թեզերը, նրանք ուղիղ ձայնակցում են Ադրբեջանին, ինչը բխում է ռուս-ադրբեջանական ռազմավարական համագործակցության մասին 2022 թվականին կնքված հայտարարությունից։


«Կարծում եմ՝ Հայաստանն ավելի շուտ արձագանքողի դերում է, քան նախաձեռնողի կամ կոնֆլիկտ սադրողի։ Քանի որ իրադարձությունները զարգանում են  կայծակնային արագությամբ, և մենք պատերազմից հետո մոտ 2 տարի ուշացրել ենք մեր պետական քաղաքականությունը հետպատերազմական իրողություններին համապատասխանեցնելու առումով, դրա համար մեզ մոտ ամեն ինչ ստացվում է գերարագ ռեժիմով, երբեմն սպոնտան, բայց ժամանակը չի սպասում։ Մինչև տարեվերջ շատ լուրջ զարգացումների պետք է սպասենք, և ես Արմեն Գրիգորյանի հայտարարությունները կդիտարկեմ Ալեն Սիմոնյանի՝ Լատվիայում արած հայտարարությունների հետ կապված։ Կարծում եմ՝ այս երկու հայտարարությունները  պետք է համադրության մեջ դիտարկել»,- ասաց Խալաթյանը՝ նկատի ունենալով Սիմոնյանի այն հայտարարությունը, որ մոտ ապագայում, իր կարծիքով, ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե կունենանք, որին, իր վստահությամբ, ժողովուրդը «այո» կասի։  


Անդրադառնալով Արցախից ռուս խաղաղապահների հեռանալուն՝ Խալաթյանը նշեց, որ դա տեղավորվում է  ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում, քանի որ ՌԴ-ին օդ ու ջրի պես պետք է  Թուրքիայի մասնակցությունը պատժամիջոցների շրջանցման գործում։


Զախարովայի՝ պաշտոնական Փարիզի քայլերի վերաբերյալ հայտարարության մասին իրավագետը նշեց, որ Ռուսաստանի տեսանկյունից տարածաշրջանում պետք է թույլ Հայաստան, իսկ Ֆրանսիային ձեռնտու է ուժեղ Հայաստանը՝ որպես պլացդարմ Ռուսաստանի և Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությանը հակազդելու համար։

 

Մանրամասն՝ տեսանյութում

Վովա Հակոբյան